top of page
Ամբողջական պատմություն
Հակոբը ծնվել է 1946 թվականի մայիսի 19-ին՝ Երևան քաղաքում։ Նրա կյանքը դեռ մանկությունից կերտվեց հիշողությամբ, կորստով և արժանապատվությամբ։
Մայրը՝ Ռիման (Ռեհան), Էջմիածնի գյուղերից մեկի մեծահարուստ ընտանիքի դուստր էր։ Սակայն պատմության դաժան շրջադարձերի՝ բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո, նա մնաց միայնակ իր հոր հետ։ Այդ կնոջ լռության մեջ ամփոփված ցավից ու տոկունությունից Հակոբը ժառանգեց անսահման բարություն, ազնվություն և մարդու հանդեպ խոր հարգանք։
Հայրը՝ Վանի զավակ, դեռևս չորս տարեկանում հարկադրված թողել էր իր հայրենի տունը։ Նա իր աչքերով տեսել էր բռնությունը, կորստի դառնությունը և ամբողջ կյանքում իր հետ տարել հայրենի հողի հանդեպ անբուժելի կարոտը։ Այդ կարոտը փոխանցվեց որդուն՝ վերածվելով անսասան սիրո դեպի հայրենիքը և ազգային հիշողությունը։
Հակոբը մեծացել է Երևանում՝ այն բակում, որտեղ թեև ժամանակներն աղքատ էին, կյանքը՝ ծանր, բայց բակը ապրում էր որպես մի մեծ ընտանիք։ Մարդիկ կիսում էին հացը, ցավը և ուրախությունը։ Այնտեղ իշխում էին սերը, համերաշխությունն ու ընկերությունը՝ արժեքներ, որոնք դարձան նրա ամբողջ կյանքի ուղեկիցը։
Դեռ դպրոցական տարիներին ակնհայտ դարձավ նրա ձեռքի շնորհքը։ Դասընկերների հիշողություններով՝ նա փայտե ֆաներայից պատրաստում էր Բուրատինո խաղալիքներ և նվիրում ընկերներին՝ ոչ պարզապես որպես խաղալիք, այլ որպես ջերմության ու ուշադրության նշան։ Նրա կյանքի գլխավոր հավատամքը վաղուց էր ձևավորվել՝ սիրել մարդուն և ուրախություն պարգևել նրան։
Դպրոցն ավարտելուց հետո Հակոբը ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ընտրելով էլեկտրոտեխնիկա մասնագիտությունը։ «Ոսկե ձեռքեր» արտահայտությունը կարծես հենց նրա համար լիներ։ Ամեն գործ նա անում էր սիրով ու նվիրումով։ Ցերեկը սովորում էր, իսկ երեկոյան աշխատում տարբեր աշխատանքներում՝ ընտանիքին, հատկապես մորը օգնելու համար։ Նրա համար աշխատանքը երբեք պարզապես պարտականություն չէր, այլ ծառայություն։
Միաժամանակ, աշխատելով Մերգելյանի անվան ինստիտուտում որպես ինժեներ, նա շարունակում էր ստեղծագործել նաև աշխատանքից դուրս։ Նույն շենքի ճաշարանում նա նախագծեց և սեփական ձեռքերով հավաքեց մոզաիկա՝ քարից ու գույնից կերտված մի լուռ պատմություն, որն արտացոլում էր նրա ներաշխարհը։
1965 թվականը դարձավ նրա հոգևոր ձևավորման կարևոր հանգրվաններից մեկը։ Եղեռնի 50-ամյակի առիթով ծավալված ազգային շարժումը չանցավ նրա կողքով։ Նա ակտիվորեն մասնակցում էր երիտասարդական հավաքներին, քայլերթերին և հիշատակի միջոցառումներին։ Այդ տարիներին նրա սրտում ծնվեց խոսքը, որը դարձավ բանաստեղծություն։ Ծնվեցին նրա ոտանավորները՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմոռանալի հիշատակին։ Դրանք աղոթք էին, բողոք և հավատ՝ ուղղված ապագային։
Հետագայում Հակոբը ծառայեց խորհրդային բանակում՝ նույն խղճով ու պատասխանատվությամբ, ինչպես ապրում էր ամբողջ կյանքում։
1974 թվականին նա ամուսնացավ։ Նրա հարսանյաց օրը դարձավ իսկական տոն ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ թաղամասի համար։ Իր հմուտ ձեռքերով պատրաստած սինիները զարդարված էին հատուկ լուսերով, որոնք վառվում էին պարելու ընթացքում՝ կարծես լույս էին արձակում սիրուց։ Ընկերները հոգացել էին երաժշտական մասը, և ողջ խնջույքը վերածվել էր ջերմ ու հիշվող տոնի։
Հակոբի հումորը առանձին աշխարհ էր։ Որտեղ էլ հայտնվեր, ցանկացած հավաք կենդանանում էր։ Նրա խոսքը, կատակն ու ժպիտը մարդկանց միավորում էին, դարձնում յուրաքանչյուր հանդիպում անկրկնելի։
Հակոբը աշխատել է գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես բարձրակարգ ինժեներ և մարդ, ով կարողանում էր ոգեշնչել իր շրջապատին։ Նրան վստահված էր երիտասարդների բաժնի ղեկավարումը։ Նա երբեք պարզապես ղեկավար չէր․ նա ուսուցիչ էր, ընկեր և օրինակ։ Նույն սիրով, որով վերաբերվում էր մարդուն ու կյանքին, նույն նվիրումով էլ աշխատում էր՝ այդ ամենը փոխանցելով երիտասարդ մասնագետներին։ Նրա կողքին աշխատող երիտասարդները սովորում էին ոչ միայն մասնագիտություն, այլև մարդկային արժեքներ՝ պատասխանատվություն, ազնվություն և նվիրվածություն գործին։
Նրա մասնագիտական գործունեությունը բարձր գնահատանքի արժանացավ նաև միութենական մակարդակով։ Մոսկվայում, գիտահետազոտական ոլորտում, նա պարգևատրվեց արծաթյա մեդալով, ինչպես նաև արժանացավ բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի՝ իր նորարար մտածողության, աշխատասիրության և կատարած աշխատանքի համար։ Սակայն այդ ամենից առավել նրա համար թանկ էր մարդկանց վստահությունն ու սերը։
Եվ ահա եկավ չարաբաստիկ 1988 թվականը՝ երկրաշարժ, պատերազմ, կորուստներ։ Նա առաջիններից էր, ով եղբոր հետ մեկնեց աղետի գոտի՝ օգնելու, կիսելու մարդկանց ցավը։
1990-ականների մութ ու անհաց տարիներին էլ նա մնաց նույն մարդը։ Չնայած դժվարություններին՝ նա փորձում էր լույս լինել շրջապատի համար։ Միշտ գրպանում կոնֆետներ ուներ, և բակի երեխաները անհամբեր սպասում էին նրա փոքրիկ ֆոկուսներին, որոնք ուրախություն էին պարգևում թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։
Ժամանակի ընթացքում ծնվեցին թոռները՝ մեկը մյուսի հետևից։ Սակայն նա երբեք չդարձավ միայն «մեկ ընտանիքի մարդ»։ Նա մնաց բոլորինը։ Նրա մեծ սրտում տեղ կար բոլորի համար՝ մեծի ու փոքրի, ընկերոջ ու բարեկամի, ծանոթի ու անծանոթի։
Մենք հարուստ էինք նրանով։
Հարուստ՝ նրա ներկայությամբ, նրա խոսքով, նրա ձեռքի ջերմությամբ, նրա անսպառ սիրով մարդկանց հանդեպ։
Նա այսօր էլ ներկա է մեր կյանքում՝ մեր հիշողությունների մեջ, մեր արժեքներում, մեր քայլերում։ Նրա թողած լույսը չի մարում, այլ շարունակվում է մեզ հետ՝ ամեն բարության, ամեն օգնության, ամեն ժպիտի մեջ։
Եվ թեկուզ այն օրը, երբ նա հեռացավ, նրա թոռները դեռ փոքր էին, սակայն յուրաքանչյուրի մեջ կա նրա կյանքի մի մեծ մասնիկ։ Նրա բարությունը, մարդկային վերաբերմունքը, լույս պարգևելու կարողությունը ապրում են նրանց մեջ՝ որպես ժառանգություն, որը չի կորչում։
Իսկ մենք ապրում ենք հավերժ կարոտով։
Կարոտով, որը ցավ է, բայց նաև հպարտություն։ Կարոտով, որը լուռ շնորհակալություն է այն կյանքի համար, որ մեզ տրվեց նրա միջոցով։
Նա մեզ սովորեցրեց, որ մարդը չի ապրում միայն իր համար։
Եվ հենց այդ պատճառով՝ նա երբեք չի հեռացել։
bottom of page